ԵՄ անդամակցության ապագայով տոգորվող իմ սիրելիներ, ես առաջարկում եմ ողջամտության և ողջախոհության, որովհետև ԵՄ-ը պատրաստ չէ ընդունել Հայաստանին, որովհետև դրա համար անհարժեշտ են որոշակի նախադրյալներ` քաղաքական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային , ժողովրդագրական, ռեսուրսային, իսկ հիմա ու ապագայում` նաև ռազմական։ Հայաստանը այս բոլորից որևէ մեկը չունի։ Այս պահին Հայաստանի միակ նախադրյալը հակառուսականությունն է, բայց դա էլ Արևմուտքին պետք է մինչև այն պահը, երբ`
ա. Ռուսաստանը կլքի Հարավային Կովկասը,
բ. Արևմուտքը կգնա Ռուսաստանի (նաև՝ գլոբալ Հարավի) հետ համընդգրկուն համաձայնության աշխարհի նոր վերաբաժանման շուրջ, որտեղ հաշվի չեն առնվելու վասալների շահերը։
Ասել է թե` Հայաստանը տեսանելի ապագայում գրեթե շանս չունի դառնալու ԵՄ լիիրավ անդամ։ Բայց ևս մեկ հնարավորություն կարելի է դիտարկել այն դեպքը, երբ Վրաստանը և Թուրքիան (առաջին հերթին՝ Թուրքիան) դառնան ԵՄ լիիրավ անդամ, ապա այս դեպքում Հայաստանի համար կբացվեն մի քանի գործոններ` ենթակառուցվածքային, տնտեսական և քաղաքական։ Ուստի այս դեպքում հնարավոր կլինի, բայց սա առաջիկա անգամ տասնամյակի խնդիր չէ։
Իսկ այդ դեպքում ՀՀ ԱԺ-ում կազմակերպված կիսակոմեդիկ և կիսատրագեդիկ ներկայացումն ինչի՞ համար էր։
Վստահաբար ուներ երկու մեսիջ (հաղորդագրություն)` հակառուսական տրամադրությունների ընդգծում, որը խայտառակ ձևով դարձավ ՀՀ ԱԺ կանոնակարգի խախտում և ԵՄ դրոշի պղծում, և մյուսը` Արևմուտքին անմնացորդ հպատակության հայտնում։
Սրա հետևանքները` դրական ու բացասական, անգամ համեմատելի չեն։ Դրանք ավելի ծանր են լինելու, ընդ որում, Հայաստանը, որպես անկանխատեսելի երկիր, աստիճանաբար Իրանի կողմից ստանալու է ապտակներ` տարածաշրջանային նշանակության հարցերում Իրանի կարծիքը գետնով տալու համար, դե, ռուսական վտանգի մասին չասեմ։
Այնինչ, մեզ համար շատ ավելի կարևոր էր գոնե ոչ բլոկային հարաբերությունների հաստատումը և Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հարթակի ձևավորումը, Հայաստան -Վրաստան-Հունաստան (+Կիպրոս)-Ֆրանսիա քառակողմ հարթակի ձևավորումը, մյուս կենտրոնների հետ` Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափերի միջոցով միջազգային հարաբերությունների հավասարակշռումը և այլն։
Բայց ընտրել ենք վատագույնը` կոնֆրոնտացիոն արտաքին քաղաքականություն, որի համար պետք է վճարել թանկ, չափազանց թանկ գին։
Ընդունումը ԵՄ կազմ հնարավոր է բացառապես Վրաստանի և Թուրքիայի (առաջին հերթին՝ Թուրքիայի) անդամակցելուց հետո։ Սա հիշեք։
Արա Պողոսյան